Վլադիմիր Պուտինը կրակի հետ է խաղում`չհամաձայնելով Ուկրաինայում հրադադար հաստատելուն, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը, որն օրեր առաջ էլ ասել էր, թե Ռուսաստանի նախագահը «լրիվ խելագարվել է»:
Դոնալդ Թրամփը սոցցանցում այսօր գրել է, որ եթե չլիներ ինքը, ապա Ռուսաստանի հետ շատ վատ բաներ տեղի կունենային. - «Վլադիմիր Պուտինը չի հասկանում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանի հետ վաղուց շատ վատ բաներ կպատահեին, և ես նկատի ունեմ՝ իսկապես շատ վատ բաներ։ Նա կրակի հետ է խաղում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ Կրեմլը մեկնաբանել է Պուտինի «խելագարության» մասին Թրամփի խոսքերը Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «լրիվ խելագարվել է»՝ նախազգուշացրել Ռուսաստանի «կործանման» մասինԱրձագանքելով՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահն ասել է, թե ինքը գիտի միայն մեկ վատ բան՝ Երրորդ համաշխարհային պատերազմը։ «Հուսով եմ՝ Թրամփը հասկանում է սա», - սոցցանցում սպառնացել է Դմիտրի Մեդվեդևը:
Մեդվեդևին էլ, իր հերթին, արձագանքել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը՝ ասելով, որ Երրորդ համաշխարհայինի շուրջ վախերը սրելու նրա փորձն անխոհեմ է և հարիր չէ գերտերությանը: Fox News-ի հետ զրույցում էլ Քելլոգը հաստատել է՝ ուկրաինական կողմից ստացել են խաղաղության համաձայնագրի հուշագրի տեքստը, սպասում են Մոսկվայի պատասխանին:
Ամերիկացի պաշտոնյան նաև բացատրել է, թե ինչ է նկատի ունեցել Թրամփը՝ ասելով, թե Պուտինը կրակի հետ է խաղում. - «Կարծում եմ՝ նա խոսում է անձնական հարաբերությունների մասին, քանի որ դա այն բաներից մեկն է, որ նախագահ Թրամփն իսկապես արժևորում է ... Եվ նա իսկապես լավ է բանակցում մարդկանց հետ։ Նա շատ լավ բնազդներ ունի»:
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակն, իր հերթին, ասել է, որ Պուտինի մասին նախագահ Թրամփի վերջին հայտարարությունները չպետք է ընդունել որպես հիասթափության նշան։ Թեմի Բրյուսի խոսքով՝ դրանք մի մարդու հայտարարություններ են, որը ցանկանում է վերջ դնել պատերազմին:
«Կարծում եմ՝ Ռուսաստանը պետք է լուրջ վերաբերվի դրան ... Եվ կան բազմաթիվ տարբեր գործիքներ, որոնք նախագահն ունի իր տրամադրության տակ՝ համոզվելու համար, որ մեր տեսակետը լսելի է, և դրանք կարող են օգտագործվել այս կոտորածը դադարեցնելու համար», - հայտարարել է Բրյուսը;
Մինչ ԱՄՆ-ից և՛ սպառնալիքներ, և՛ հորդորներ են հնչում, Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ առաջիկայում կհայտարարեն ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի անցկացման վայրի մասին: Սերգեյ Լավրովը հիշեցրել է Մոսկվայի պահանջները՝ խնդրի կարգավորման համար Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու և միջուկային զենք ունենալու գաղափարից:
«Այս պարտավորություններին վերադառնալը Ռուսաստանի հիմնական պահանջներից մեկն է, որոնք պետք է բավարարվեն ցանկացած կարգավորման շրջանակում, ինչպես որ համաձայնեցվել է 2022-ի ապրիլին Ստամբուլի բանակցությունների ժամանակ, երբ այս սկզբունքը հանձնվեց թղթին», - ասել է Լավրովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կիևի հետ նոր բանակցությունների ժամկետները կհրապարակվեն առաջիկայում. ԼավրովՊուտինն ու Թրամփը կալանավորների փոխանակման վերաբերյալ համաձայնության են եկել. ԼավրովՈւկրաինայի նախագահն էլ ասել է, որ Մոսկվան առաջարկել է ուղիղ բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել Բելառուսում, ինչն անընդունելի է՝ պատերազմին այդ երկրի մասնակցության պատճառով: Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ընտրել ավելի չեզոք տարածք՝ Թուրքիա, Շվեյցարիա, Վատիկան: Նա նաև առաջարկել է անցկացնել եռակողմ հանդիպում՝ իր, Թրամփի և Պուտինի մասնակցությամբ: «Եթե Պուտինը չի ցանկանում երկկողմ հանդիպում, կամ եթե բոլորը ցանկանում են, որ այն լինի եռակողմ, ես դեմ չեմ: Պատրաստ եմ ցանկացած ձևաչափի», - նշել է նա:
Կրեմլի խոսնակն, իր հերթին, հայտնել է, որ խաղաղության համաձայնագրի հուշագրի ռուսական տարբերակի վրա աշխատանքն արդեն վերջին փուլում է, իսկ բանակցությունների հաջորդ վայրը դեռ որոշված չէ: Դմիտրի Պեսկովը նշել է, որ նախագահների մակարդակով հանդիպումը պետք է լինի պատվիրակությունների միջև կոնկրետ պայմանավորվածությունների արդյունք:
«Նման հանդիպման հնարավորության շուրջ մեր դիրքորոշման մեջ որևէ սկզբունքային փոփոխություն չկա ... Շուտով նաև հայտնի կդառնան հուշագրերի՝ երկու կողմերի նախագծերը, և արդեն կանցնենք բանակցությունների հաջորդ փուլին», - նշել է Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը չի մեկնաբանել Պուտինի մասին Թրամփի վերջին հայտարարությունները, միայն շնորհակալություն է հայտնել նրա միջնորդական ջանքերի համար:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ պնդել է, թե Թրամփի հայտարարությունները վկայում են, որ Սպիտակ տանը նրան պատշաճ չեն տեղեկացնում, թե ինչ է իրականում տեղի ունենում, ինչպես են հարվածում ուկրաինացիները. - «Թրամփը գիտի միայն մեր պատասխան գործողությունների մասին: Ավելին, նա լիովին չի հասկանում, որ մենք հարվածում ենք բացառապես ռազմական ենթակառուցվածքների»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Թրամփին կիսատ են պատմում ուկրաինական զարգացումների մասին». ՈւշակովԱյս ֆոնին Գերմանիան ևս 5 մլրդ եվրո օգնություն է տրամադրում Ուկրաինային: Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլերը Բեռլինում նաև հայտարարել են, որ երկու երկրները միասին մեծ հեռահարության հրթիռներ կարտադրեն:
«Հեռահարության սահմանափակում չի լինի: Սա Ուկրաինային հնարավորություն կտա իրեն լիարժեք պաշտպանել, այդ թվում`իր տարածքից դուրս ռազմական թիրախների դեմ», - ասել է Ֆրիդրիխ Մերցը:
Կանցլերն ընդգծել է, որ վերջին երեք շաբաթում դիվանագիտական շատ աշխատանք է արվել պատերազմը դադարեցնելու համար, և հույս է հայտնել, որ Ռուսաստանը լուրջ կվերաբերվի այս ջանքերին և կրկին կգա բանակցելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մերց․ «Մենք Կիևի հետ միասին զենք կարտադրենք, այդ թվում` հեռահար հրթիռներ»Կրեմլի խոսնակը հրթիռների համատեղ արտադրությունը Գերմանիայի կողմից անպատասխանատու և սադրիչ քայլ է որակել, որն, ըստ Պեսկովի, է՛լ ավելի կբորբոքի պատերազմը:
Իսկ ռազմական իրադրությունը մնում է լարված: Ռուսական կողմը հայտարարել է, որ առաջ է ընթանում գրեթե բոլոր ուղղություններով և ևս երկու բնակավայր է վերցրել: Ռուսաստանը հարվածել է Խարկովին, Կիրովոգրադին և այլ շրջանների, կա մեկ զոհ, մի քանի վիրավոր:
Ուկրաինական զինուժն էլ անօդաչուներով հարձակվում է Մոսկվայի և այլ քաղաքների վրա: Մերձմոսկվայում հարվածել են անօդաչու արտադրող գործարանի: Չեղարկվել են որոշ չվերթներ, ժամանակավորապես փակվել են Մոսկվայի և Կալուգայի օդանավակայանները: Մոսկվա թռչող ավելի քան 50 ինքնաթիռ ստիպված վայրէջք է կատարել այլ քաղաքներում: