Միրզոյան. «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը»

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում, արխիվ

«Այն, ինչ լսում ենք «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի շրջանակներում, ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը», - այսօր խորհրդարանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը։

Բաքուն ամենաբարձր մակարդակով պարբերաբար խոսում է այս մասին։ Անցած ամիս նախագահ Ալիևը կրկին հայտարարել էր՝ «Երևանը պետք է հստակորեն ասի, թե երբ են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր, վերադարձից հետո էլ ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը»։ «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունն այս հարցի քննարկման նպատակով կընդունի [«Արևմտյան Ադրբեջանի»] համայնքի ներկայացուցիչներին», - ասել էր Ադրբեջանի նախագահը:

Ավելին, Ալիևը պնդել էր, թե Բաքուն այս հարցն արդեն իսկ ընդգրկել է իր օրակարգում և դրանից հրաժարվելու մտադրություն չունի։ «Այս խնդիրն Ադրբեջանի օրակարգում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ վերադարձն իրականություն չի դարձել։ Իհարկե, իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին նաև անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն», - հայտարարել էր նա։

Արարատ Միրզոյանը, այսօր արձագանքելով այս հայտարարություններին, ասաց, թե «այդպիսի հարց երկու երկրների հարաբերություններում ո՛չ իրենց կողմից, ո՛չ մեր կողմից օրակարգում չկա և չի քննարկվում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Արևմտյան ադրբեջանցիների» մասին հայտարարությունները Ղարաբաղի ներկայացուցիչների քայլերի հայելային պատասխանն են. ԱԺ նախագահՉի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյան«Արևմտյան Ադրբեջան» չկա Հայաստանի տարածքում. Երևանից արձագանքում են ԱլիևինԱլիև․ «Երևանը պետք է հստակ ասի՝ երբ են արևմտյան ադրբեջանցիները վերադառնալու»