ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և դրա հարակից օրենսդրական փաթեթների վերաբերյալ՝ առաջարկելով այն հանել շրջանառրությունոից:
Հասարակական կազմակերպությունները մտահոգությունն են հայտնել նախագծի հակասահմանադրականության և դրանով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների առկա խնդիրների հնարավոր առավել խորացման առնչությամբ։
«Գտնում ենք, որ քննարկվող Նախագծով առաջարկվող կարգավորումները հակասում են ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքներին։ Հայաստանի պաշտպանությանը մասնակցելու Սահմանադրական պարտավորության կատարումը և զինապարտությունը Նախագծով պայմանավորվում է անձանց սոցիալական և գույքային դրությամբ, ինչն անընդունելի է և ունակ է առավել խորացնել հասարակության սոցիալական բևեռացվածությունը, հանգեցնել առավել մեծ սոցիալական անարդարության զգացման և խորացնել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները», - ասված է հայտարարությունում։
Նախագծով, որը Կառավարությունը վերջին նիստում հավանության արժանացրեց, առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց 15 միլիոն դրամ վճարել, 24 միլիոնով ազատվել երկու տարվա ծառայությունից ու մեկ ամիս ծառայել, 18 միլիոնով էլ՝ չորս ամիս:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը հավանություն տվեց զինծառայության ժամկետը վճարով կրճատելու օրինագծին«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար արական սեռի ներկայացուցիչների համար 15 միլիոն ՀՀ դրամի պետական տուրքի սահմանումը անհամաչափ միջամտություն է՝ հանդիսանալով սեռով պայմանավորված խտրականություն», - ասված է հայտարարությունում։
ՀԿ-ները նշել են, որ «առաջարկվող կարգավորումները ունակ չեն լուծել և բացառել զորակոչի ընթացքում կոռուպցիոն դրսևորումները, իսկ որևէ արդյունք գրանցելու դեպքում դրանք կրելու են իրավիճակային ու ժամանակավոր բնույթ, չեն հանգեցնելու համակարգային փոփոխությունների և ժամանակի ընթացքում իրենց հետ բերելու են նոր խնդիրներ, այդ թվում՝ կոռուպցիայի նոր դրսևորումներ»։
«Ըստ Transparency International միջազգային կազմակերպության պետությունների պաշտպանության համակարգերի գնահատման (Government Defence Index) 2020 թվականի արդյունքների` ՀՀ պաշտպանական համակարգը կոռուպցիայի տեսանկյունից գտնվում է բարձր ռիսկայնություն ունեցող երկրների խմբում, ուստիև Կառավարությանն անհրաժեշտ է կենտրոնանալ համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և համակարգի առողջացման միջոցառումների վրա, այլ ոչ՝ օրինականացնել առկա կոռուպցիան և խորացնել սոցիալական անարդարությունը», - ընդգծել են նրանք:
ՀԿ-ները հավելել են նաև, որ «բացառապես պայմանագրային զինծառայողների ֆինանսական նվազագույն ապահովությամբ չի երաշխավորվում բանակի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը, և պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը պահանջում է համալիր և արդյունավետ բարեփոխումների իրականացում ՀՀ զինված ուժերում»։
Հայտարարությունում նաև նշվում է, որ նախագծով պատշաճ հիմնավորված չէ զորակոչային տարիքը բարձրացնելու հարցը։
Հասարակական կազմակերպություններն առաջարկում են նաև՝ «Զինված ուժերում ծրագրել և իրականացնել արդյունավետ, արմատական ու համակարգային բարեփոխումներ՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը և զինապարտ քաղաքացիների համահավասար և արժանապատիվ ծառայությունը, ինչպես նաև զինծառայության գրավչությունը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար:
Ներդնել արդյունավետ մեխանիզմներ զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ հիմք ընդունելով անկողմնակալ և համապարփակ հետազոտություններով վերհանված խնդիրները»: