Մատչելիության հղումներ

Փաշինյանը մեղադրանքներով հակադարձեց իր ընտանիքի հասցեին հնչող պնդումներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Այսօր Կառավարարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը «թալանչի», «սրիկա» ու «ստահակ» բառերով արձագանքեց և նույնատիպ մեղադրանքներով հակադարձեց իր ընտանիքի հասցեին հնչող պնդումներին, թե իր պաշտոնավարման տարիներին բազմաթիվ առանձնատներ ու պետական գույքեր են ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

«Զարմանում ես էդ մարդկանց ... ի՞նչ կապ ունի, մի հատ մեկը կարա՞ բացատրի՝ Վարդան Օսկանյանը և իր կինը ի՞նչ կապ ունեն, որ Դիլիջանում պետք ա մանկապարտեզ վերցրած լինեն», - հայտարարեց վարչապետը՝ շարունակելով. - «Հիմա քանի որ էս ապօրինի գույքի բռնագանձման չորս ուղղությունները ակտիվացել են, իրանք մի խնդիր ունեն՝ ցույց տալու, որ մենք իրանց նման ենք: Չեն էլ փորձում ապացուցեն, որ իրանք թալանչի սրիկա ստահակ են, կներեք էս բառակապակցությունների համար: Իրանք հիմա ուրիշ խնդիր են դրել: «Վարչապետը Ֆրանսիայում 3 միլիոն բանով, եվրոյով տուն ա գնել». ասենք մի էրկու հատ դաշնակ-մաշնակ կա Ֆրանսիայում, տանում են իրեք եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջը ինչ զառանցանք ասես դնում, դե արի ապացուցի, որ ...»:

«Ասում եմ՝ էս մարդիկ՝ քոչարյանասերժական ստահակ զանգվածը, չի էլ փորձում ապացուցի, որ իրանք բան են ... Եվ մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք», - շարունակեց Փաշինյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երկու տարի առաջ ավարտված դատական գործը հիշեց: 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով նախկին նախագահին արդարացնելուց հետո դատարանը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճեց Քոչարյանի մեկ այլ՝ կաշառքի գործը: Երեք տարի դատարանը քննում էր՝ արդյոք Քոչարյանը 3 միլիոն դոլար է վերցրել գործարար Սիլվա Համբարձումյանից: Այդ ընթացքում երկրորդ նախագահը դիմել էր դատարան՝ իր դեմ ընթացող գործն անավարտ թողնելու և վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճելու պահանջով: Այդպես էլ եղավ: Դատախազն այդ ժամանակ նշեց, որ սա ոչ արդարացման, ոչ էլ մեղադրական որոշում է: Մինչդեռ այսօր երկրի ղեկավարը մի քանի անգամ շեշտեց՝ երկրորդ նախագահը կաշառակեր է դատարանի որոշմամբ:

«Օրինակ, մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր ա, և դա արձանագրված ա դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել ա իրա դեմ կաշառքի գործը ասել ա «վաղեմության ժամկետ կիրառեք»: Դա տեղի ա ունենում այն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում ա, որ ինքը կաշառակեր ա։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել ա, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կա-շա-ռա-կեր է», - հայտարարեց վարչապետը՝ հավելելով. - «Թող գնան դատի տան: Հիմա, սրանից հետո ես երբ ելույթ ունենամ, Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ՝ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը, և այլն, և էդպես շարունակ: Լավ ամեն ինչին չափ կա, սահման կա: Իրանք էլ չեն ժխտում, որ բանում, Հունաստանում, բան, կղզի ունեն»:

Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը վերջերս մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում իր հերթին կասկած էր հայտնել, թե վարչապետ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է: Այս մասին նա խոսել էր՝ անդրադառնալով իշխանությանը վերագրվող կոռուպցիոն գործերին, այդ թվում՝ լուծարված ԱՆԻՖ հիմնադրամին:

«Ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը 65 միլիոն դոլարով՝ հարկատուների փողով: Հետո ստեղծել օֆիս, ընկեր, հարազատ, խնամի, բան-ման, ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում... երկու ամիս՝ էդ փողը անհետացել է», - հայտարարել էր երկրորդ նախագահը՝ հավելելով. - «Էս մարդը Դեյվիդ Կոպերֆիլդն ա, սրանց ճակատներին պետք է սենց տատու անել՝ «կոռուպցիոն հանճարներ»:

Այսօր էլ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին News .am-ին ասել է.
«Իր օրոք ԱՆԻՖ-ից անհետացած 65 միլիոն դոլարը, «Հայաստան» համահայկական հիմնադրամից ցնդած 100 միլիոն դոլարը, ինչպես նաև այլ ահռելի գումարներ արդեն առարկայանում են տարբեր երկրներում դղյակների տեսքով, իսկ նա շարունակում է իր հին ցնորքը կղզիների մասին»:

Այսօր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել են նաև արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն ու իր տիկինը՝ Նանի Օսկանյանը, որոնց երկրի ղեկավարը մեղադրել էր Դիլիջանում մանկապարտեզի շենքը վերցնելու և գրեթե երկու տասնամյակ անխնամ վիճակում թողնելու համար: Օսկանյանները նշել են, թե շենքը ոչ թե իրենց, այլ՝ «Առաջինը երեխաներին» բարեգործական կազմակերպությանն է տրամադրվել.

«Այն ժամանակ, երբ կազմակերպությունը ստանձնեց շենքի պատասխանատվությունը, այն ոչ օգտագործման վիճակում էր։ Շենքը լիովին վերանորոգվեց, կահավորվեց և դարձավ ֆունկցիոնալ։ Ցավոք, շուտով շենքը լուրջ վնասներ կրեց առեղծվածային հրդեհի հետևանքով, որն առաջացավ կեսգիշերից հետո։ 2018 թվականի զարգացումներից հետո, կազմակերպության տնօրինության խորհուրդը որոշեց ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը՝ սպասելով ավելի կայուն ժամանակների»։

Օսկանյանները պնդում են, որ շենքը վերադարձրել են, երբ տեղական իշխանությունները դիմել են այն վերադարձնելու խնդրանքով։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG