Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում եկեղեցուն առնչվող օրենսդրական փոփոխությունները Սահմանադրության մեջ:
Այսօր պատասխանելով «Ազատության» հարցին, թե վարչապետը հայտարարել է, թե Հայաստանը «պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության հարցում», առաջիկայում հնարավո՞ր են օրենսդրական փոփոխություններ, ԱԺ նախագահն ասաց. «Ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց չեմ բացառում, որ Սահմանադրության մեջ նման փոփոխություններ լինեն։
ՀՀ-ն խղճի ազատություն դավանող երկիր է: Կարծում եմ, որ եթե ինչ-որ կրոնական կառույց պետք է ունենա հատուկ կարգավիճակ, դա նշանակում է, որ պետությունը դրա մեջ նույնպես մասնակցություն պետք է ունենա, առնվազն՝ այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար»։
Վարչապետը մի քանի օր շարունակ բարձրացնում է կուսակրոնության թեման: Այսօր էլ առավոտյան կրկին ֆեյսբուքյան գրառմամբ շեշտել էր, թե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն անձամբ պետք է պարզաբանի՝ «արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը»։
Էջմիածնում հոգևոր վերնախավը հունիսի 3-ին քննարկել էր վարչապետ Փաշինյանի ու նրա տիկնոջ աղմկոտ մեղադրանքները ուղղված հոգևոր դասին ու այդ ամենը անվանել «հակաեկեղեցական ամոթալի արշավ»։ Մայր Աթոռը շեշտել էր՝ «Փաշինյանը պետական այրին անհարիր բառապաշար ունի»։