Բաքվի ռազմական դատարանում Ռուբեն Վարդանյանի ազգությամբ հրեա փաստաբան Աբրահամ Բերմանը հայտարարում է, որ իր պաշտպանյալի դեմ Ադրբեջանի դատախազության ներկայացրած նյութերի վերլուծությունը վեր է հանել իրավական մի շարք լուրջ խնդիրներ։ Փաստաբանն անհրաժեշտ է համարում դրանց դատական մանրակրկիտ քննությունը, ըստ էության, փաստելով, որ նախկին պաշտոնյային վերագրվող արարքները նրա հետ կապ չունեն:
Մեղադրական եզրակացության վերաբերյալ Բերմանի մեկնաբանությունը հրապարակել է Վարդանյանի ընտանիքը՝ Ֆեյսբուքի պաշտոնական էջում. - «Համոզված եմ, որ մեղադրող կողմը բավարար չափով հաշվի չի առել քրեական իրավունքի հիմնարար սկզբունքները, ներառյալ՝ ամբաստանյալի արարքների և դրանց ենթադրյալ հետևանքների միջև պատճառահետևանքային ուղիղ կապի հաստատման պահանջը, ինչպես նաև՝ յուրաքանչյուր կոնկրետ հանցագործության սուբյեկտիվ կողմի (հանցավոր մտադրության) ապացուցման անհրաժեշտությունը։ Քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ խստորեն պահպանվում է անհատական պատասխանատվության սկզբունքը, գործողությունները որակավորվում են իրավական հստակության սկզբունքով, հարգվում են միջազգային պարտավորությունները և լիովին պահպանվում են դատավարական երաշխիքները»։
Ըստ Բերմանի՝ այդ սկզբունքներից որևէ մեկի խախտումը կասկածի տակ է դնում քրեական հետապնդման և դատավարության օրինականությունն ու արդարությունը։ Փաստաբանը, սակայն, տեքստում չի հստակեցնում՝ արդյոք Վարդանյանի քրեական հետապնդմամբ ու դատավարությամբ խախտվել են անհատական պատասխանատվության, իրավական հստակության սկզբունքները։
Վարդանյանի միջազգային իրավական թիմի անդամ ու ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Բերմանի քայլն աննախադեպ է որակում՝ շեշտելով, որ Ադրբեջանում ոչ միայն անկախ լրագրողներն են ճնշվում, այլև իրավապաշտպաններն ու փաստաբանները։
«Այլ պայմաններում, կարծում եմ, անգամ փաստաբանը կարող էր խոսել առանձին ադրբեջանցի պաշտոնյաների հանցավոր գործունեության մասին կամ կարող էր խոսել նաև էթնիկ մոտիվներով խտրական քաղաքականության կամ հետապնդումների մասին: Այս տեքստ զերծ էր նման քաղաքական գնահատականներից, ինչը հասկանալի է. փաստաբանն այստեղ առաջնորդվել է իր վստահորդի շահերը ներկայացնելու նկատառումներով ու բացառապես մնացել է մասնագիտական տիրույթում կանխելու հնարավոր ճնշումները, հետապնդումները իր նկատմամբ՝ պայմանավորված հենց մասնագիտական գործունեությամբ», - ասաց Սահակյանը:
Չնայած Ադրբեջանում գործունեություն ծավալող ու Վարդանյանի ընտանիքի կողմից վարձված փաստաբանն իր մեկնաբանության մեջ զերծ է մնում կտրուկ ձևակերպումներից ու գնահատականներից, տեքստում շեշտում է անմեղության կանխավարկածի, պաշտպանության իրավունքների, արդար դատաքննության, միջազգային պարտավորությունների, անհատական պատասխանատվության սկզբունքների կարևորությունը։
Սիրանուշ Սահակյանն ասում է՝ Բերմանն իր մեկնաբանությամբ փաստում է՝ գործ ունենք մի մեղադրանքի հետ, որը անհիմն է, առանց լուրջ փաստերի:
Բերմանն ընդգծել է, մասնավորապես, որ Վարդանյանի գործում կարևոր է հստակ տարբերակել ամբաստանյալի անձնական պատասխանատվությունը հավաքական կամ երրորդ անձանց արարքների համար պատասխանատվությունից։ Հակառակ դեպքում, ըստ փաստաբանի, դա կհակասի քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներին։
Փաստաբանը հայտարարել է, որ «Ցանկացած երկիմաստություն պետք է լուծվի մեղադրյալի օգտին, բացատրելով, որ «ոչ ոք չի կարող մեղավոր ճանաչվել, եթե տվյալ արարքն օրենքով հանցագործություն չի համարվել այն կատարելու պահին»։
«Փաստաբանը մի կողմից շեշտադրել էր մեղադրանքի սին, դատարկ, անհիմն լինելը, մյուս կողմից ցուցադրել էր դատավարության գործընթացում արդար դատաքննության իրավունքի խախտումները: Բազմիցս բարձրաձայնվել է, որ պաշտպանական կողմը զրկված է եղել պաշտպանություն կազմակերպելու հնարավորություններից, օրինակ, մեղադրանքն ի սկզբանե ներկայացված չի եղել, տրամադրված չի եղել մեղադրական եզրակացությունը կամ թարգմանված չի եղել, կամ էլ առանձին հատվածներ են տրամադրվել, քրեական գործի նյութերին հասանելիությունն է սահմանափակվել՝ պետական գաղտնիք լինելու հիմնավորվածությամբ: Մենք տեսել ենք նաև, որ դատավարության շրջանակներում սահմանափակված է Ռուբեն Վարդանյանի և փաստաբանի շփումը», - նշեց Սիրանուշ Սահակյանը:
Ռուբեն Վարդանյանի դատաքննությունը Արցախի նախկին նախագահների ու մյուս պաշտոնյաների դատավարությունից առանձին է ընթանում Բաքվի ռազմական դատարանում:
Վերջին նիստերին դատարանում ցուցմունքներ են տվել տուժող ու տուժողների իրավահաջորդ ներկայացվող մի շարք անձինք՝ Արցախի պետնախարարի պաշտոնն ընդամենը երեքուկես ամիս զբաղեցրած ու ռազմական ոլորտի չհամակարգած Վարդանյանին մեղադրելով պատերազմական հանցագործությունների համար։ Վերջին դատական նիստին Վարդանյանը միջնոոդել էր, որ իր ընտանիքին փոխանցվի մեղադրական եզրակացության կրկնօրինակը, ինչը սակայն դատարանը մերժեց։
Վարդանյանը մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։