Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմից հետո անհետ կորած17 հազար ինքնաձիգների մի մասը հայտնաբերվել է, մի զգալի մասը՝ ոչ


2020-ի 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած 17 հազար ինքնաձիգների մի մասը հայտնաբերվել է, սակայն դրանց մի զգալի հատվածը դեռ անհետ կորած է համարվում: Թե անցած շուրջ 5 տարիների ընթացքում 17 հազար ավտոմատից քանիսին է հաջողվել հայտնաբերվել, իրավապահները կոնկրետ թիվ չեն հնչեցնում:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ, գնդապետ Վաչե Հովսեփյանը «Ազատության» հետ զրույցում նշում է, որ Պաշտպանության նախարարության իրականացրած գործողությունների արդյունքում այդ 17 հազարից մի զգալի մասը հայտնաբերվել է, մի մասը, որը հայտնվել է ապօրինի շրջանառության մեջ, իրավապահ մարմիններն են հայտնաբերել:

«Այն անձինք, ովքեր հնարավոր է՝ իրենց մոտ պահեն, ովքեր մասնակցել են, ովքեր ստացել են հրազեն, սակայն չեն վերադարձրել, բոլորի տվյալները մշակվել են, նրանց հետ տարվել են թիրախային աշխատանքներ և մի զգալի խմբաքանակ էլ այդ աշխատանքների արդյունքում է հայտնաբերվել», - ասաց Հովսեփյանը:

«Ազատության» հարցին՝ դեռ չե՞նք կարող ասել, որ 17 հազարն էլ հայտնաբերված է, նա պատասխանեց. - «Ոչ, չենք կարող ասել»:

Ի դեպ, անհետ կարոծ17 հազար ինքնաձիգները 2020 թվականի պատերազմի ժամանակ քաղաքացիներին է բաժանվել վարչապետի որոշմամբ: Փաշինյանն այդ փաստը հաստատել էր 2021-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Թե ինչո՞ւ ժողովրդին բաժանված զենքը պետությունը ետ չի հավաքել, մնում է անհայտ:

Այն, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվում է հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունների աճ, բարձրաձայնում են նաև ոլորտի պատասխանատուները:

Միայն 2024-ին, ըստ ՆԳ նախարարի, արձանագրվել է հրազենեի գործադրմամբ կատարված 109 հանցագործության դեպք, 15 -ով ավելի շատ, քան 2023 -ին:

Միայն Երևանում գրեթե ամեն ամիս հրազենի գործադրմամբ հանցագործություններ են տեղի ունենում: Ոստիկանությունը արձանագրված դեպքերի մասին տեղեկատվություն չի տրամադրում, և հանրությունը դրանց հիմնականում ծանոթանում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսանյութերից:

Դատելով այդ հրապարակումներից՝ հրազենի գործադրմամբ հանցագործությունները մայրաքաղաքում կատարվում են թե՛ օրը ցերեկով և թե՛ գիշերով, հիմնականում բանուկ հատվածներում, նաև շենքերի բակերում, արձանագրվում են հրազենից վիրավորումներ ու մահեր:

«Ազատության» հարցին՝ ունե՞ք բացատրությունը՝ ինչո՞ւ է այս իրավիճակը ստեղծվել մայրաքաղաքում, Վաչե Հովսեփյանը պատասխանեց. - «Պետք է նշեմ, որ ընդհանուր հանցավորության մակարդակը բնական աճի միտում է արձանագրում, դրանից անմասն չենք նաև հրազենով կատարվող հանցագործությունները: Մյուս կողմից գաղտնիք չէ, որ 2020 թվականին ու դրանից հետո տեղի ունեցած պատերազմական իրադարձությունները որոշակի բացասական ազդեցություն ունեցան նաև այս դաշտում և Հանրապետությունում ավելացավ ապօրինին զենքի ու ռազմամթերքի 7րջանառության ծավալը: Հիմնականում սրանք են պատճառները, որ բացասական ֆոն են ստեղծել ու որոշակի աճ է գրանցվել հրազենով կատարվող հանցագործությունների»:

Զենքով կատարված հանցագործության 66 դեպք՝ 5 ամսում

Այս տարվա առաջին 5 ամիսներին էլ զենքով կատարված հանցագործությունները աճել են, ոստիկանությունն արդեն իսկ արձանագրել է 66 դեպք, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը 50 էր:

«Ինչ վերաբերում է բացահայտման ցուցանիշներին պետք է նշեմ, որ հրազենով կատարվող հանցագործությունների բավականին բարձր բացահայտման ցուցանիշ ունենք: Ընթացիկ ժամանակահատվածում հրազենով կատարվող հանցագործությունների գրեթե 88 տոկոսը բացահայտված է», - նշեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետը:

Ինչո՞ւ այս հանցագործության բացահայտելիության բարձր ցուցանիշներին ու ապօրինի զենքի հայտնաբերման աճող թվերին զուգահեռ Երևանի փողոցներում կրակոցները չեն դադարում: Ոստիկանության տվյալներով՝ այս տարվա 5 ամիսների ընթացքում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 1000 միավոր զենք, կրկնակի ավելի շատ, քան նախորդ տարի:

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ հարզենի գործդրամամբ կատարվող հանցագործությունների թիվն աճում է ոստիկանության վատ աշխատանքի ու իրավապահ մարմինների նկատմամբ հանրության ցածր վստահության պատճառով: Իոաննիսյանն ընդգծում է՝ 2023 -ին Արացախի էնթիկ զտումից հետո Ղարաբաղից Հայաստան զենք չի եկել, արցախցիները Հայաստան են եկել ադրբեջանական անցակետով, և դա պարզապես հնարավոր չէր: Ապօրինի զենքը շրջանառության մեջ է հայտնվել 2020 -ի 44-օրյա պատերազմից հետո, բայց դրանից անցել է 5 տարի, իսկ հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունները կտրուկ աճել են 2024 ի-ց:

«Զենք-զինամթերքով կատարվող հանցագործությունների աճի պատճառներից մեկը իրավապահ մարմինների ցածր էֆեկտիվությունն է, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ սկսած նախաքննության մարմինների ու ոստիկանության համագործակցության ցածր մակարդակով, վերջացրած, որ Հայաստանի քաղաքացիները հաճախ խուսափում են ցուցմունք տալ: Ընդ որում՝ ես չէի ուզենա շտապել քաղաքացիներին մեղադրել, հետազոտությունները ցույց են տալիս, որ որպես կանոն, քաղաքացիները, որոնք խուսափում են իրավապահների հետ համագործակցել ու իրավապահներին տեղեկություններ հայտնել, դա անում են բավականին տրամաբանական մոտիվացիյով՝ վախենալով վրեժից, վախենալով, որ իրավապահները իրականում ոչ թե հանցագործությունը կբացահայտեն, այլ հակառակը կանեն, վախենալով լրացուցիչ գլխացավանքից, վախենալով իրավապահների կողմից վատ վերաբերմունքից», - ասաց Իոաննիսյանը:

Հրազենով կատարվող հանցագործություններից բացի Հայաստանում լուրջ խնդիր են մնում թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու մահվան ելքով վրաերթերը: Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում գրեթե ամեն օր ճանապարհային պատահարներից մեկ մարդ է մահանում:






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG