Սպիտակ ու կարմիր մեխակներ, մոմեր վրաերթի վայրում՝ ի հիշատակ երեկ Երևանի Հաղթանակ թաղամասի տներից մեկի մայթին այլոց ծանր ու վայրենի վեճի հետևանքով կյանքը կորցրած 42-ամյա Անի Խաչատրյանի:
Մայրն ու 2 տարեկան տղան, ըստ ականատեսների, խանութից էին դուրս եկել, զբոսնում էին մայթին, երբ թաղամասի մեկ այլ հատվածում շան վրահերթի հետ կապված վեճը վերածվել է ծեծկռտուքի, միջադեպի մասնակիցները նստել են ավտոմեքենաներն ու ընկել իրար հետևից: Այնքան արագ են վարել ավտոմեքենաները, որ դրանցից մեկը, հասնելով 28 համարի տան մոտ՝ մայթին, վրաերթի է ենթարկել մորն ու որդուն: Մայրը հիվանդանոցի ճանապարհին է մահացել, փոքրիկ Դանիելը հիվանդանոցում է, նրա կյանքին արդեն վտանգ չի սպառնում:
Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 9-ի կողմերը: «Ազատության» այցելության պահին դեպքի վայրում դեռ կային ջարդված ապակու կտորներ, արյան հետքը դեռ թարմ էր:
Հաղթանակ թաղամասում բնակվող Ոսկի Ալեքսանյանը ծանոթ էր Անիին, որի տունը կողքի փողոցում է: Հաճախ էր տեսնում մորն ու տղային զբոսնելիս: Կինն ասում է՝ մեքենաներն այնքան արագ են սլացել, որ հարվածել են տան դարպասին:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինչպես վրաերթի, այնպես էլ շանը վրաերթի ենթարկելու պատճառով սկսված ծեծկռտուքի դրվագներով: Ձերբակալվածներ դեռ չկան, երկու ավտոմեքենաների վարորդները հետախուզվում են:
«Եթե խորհրդարանում լինում են ծեծկռտուքներ, վրաքշոցներ, ձեռնամարտեր, ապա դրանք արտացոլվում են նաև հասարակության ներսում, և մենք ունենում ենք նմանատիպ պատկեր», - նկատում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Խորհրդարանում մայիսի 14-ի քաշքշուկից երկու շաբաթ առաջ էլ Նոր Նորքի արդեն նախկին թաղապետն էր տեսախցիների առաջ ենթակաների հետ ծեծել քաղաքային խնդիրները բարձրաձայնող ակտիվիստին:
Հովհաննիսյանը վտանգավոր է համարում հասարակության շրջանում ահագնացող վարքագիծը՝ հարցերը լուծել ոչ թե իրավական ու քաղաքակիրթ ճանապարհով, այլ՝ վայրենիների նման՝ ոտքերով, ձեռքերով հարձակվել իրար վրա, խոսելու, իրար հասկանալու փոխարեն:
«Վնաս հասցնելու կամ վրեժխնդիր լինելու ամբողջական պատկերացումը վայրագ հասարակությունների խնդիր է: Դա գալիս է արժեհամակարգյաին խեղումներից և դրանք տարեցտարի այնքան են արմատավորվում ու խորանում, որ մենք հասնում ենք նույնիսկ կենցաղային իրավիճակում կոնֆլիկտների հաղթահարման անկարողության աստիճանի», - ասում է իրավապաշտպանը:
Հայաստանում հանցավորության աճ է նկատվել, ամիսներ առաջ խորհրդարանում հայտարարել էր Ներքին գործերի արդեն նախկին նախարարը: Առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը կազմել է միջինը 58 տոկոս, ծանր հանցագործություններինը՝ ավելի քան 13 տոկոս։ Սա, ըստ պաշտոնյայի, պայմանավորված է նաև խոշոր չափերի թմրանյութերի իրացման, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերով: